Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:
Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:
Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը: