ԵՄ-ին անդամակցելու նախագիծը սին սպասումներ է առաջացնում հասարակության մոտ, թե օրենքի ընդունումն անշրջելի կդարձնի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը, կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստամանը և ուժերի հավասարակշռման միջոցով ՀՀ անվտանգության հնարավորությունների մեծացմանը։ ԱԺ-ում ելույթ ունենալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հանրային օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Իսկ մեր հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից շենգեն վիզա է ստանալու»,-ասաց Գալստյանը՝ նշելով, որ իղձը և ցանկությունը չեն չեն կարող օրենք լինել։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ չի ցանկանում, որ ՀՀ-ի կողմից կատարվի մի հաստատում և ԱԺ-ն ընդունի մի փաստաթուղթ, որի լրջությունն ու հիմնակվորումներն այս պահին խոցելի են։
«Հռետորահրապարակախոսական այդ նախադասությունը չի կարող օրենք կոչվել․ բացակայում են օրենքի կարգավորման առարկան և հասցեատերը և բացակայում է պատասխանատվության նորմը, թե ով է պատասխանատվություն կրում օրենքի չկատարման համար»,-ասաց Գալստյանը։
Ըստ նրա, դրանք իրավագիտական տարրական պահանջներ են, որոնք հասում են իրավաբանական ֆակուլտետի առաջին յուրաքանչյուր կուրսի ուսանողներին։