Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Հիշեցնեմ, որ ապրիլի 25-ին դատախազն ԱԺ հանձնաժողովի նիստում լայն հնչեղություն ունեցող այս գործով հանրությանը սխալ տեղեկություն էր տրամադրել, և իմ կողմից ճիշտը ներկայացնելուց հետո հարկ չհամարեց ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ ի վերջո՝ բացատրել, թե ինչու ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկաններին ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մեղադրանք չի առաջադրվել — փորձագիտական հիմնարկին «մեղավոր նշանակելը» չաշխատեց։
Նշեմ նաև, որ ԱԺ հանձնաժողովում ապրիլի 25-ին գլխավոր դատախազի խոսքից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ առկա է դատախազության գործառույթն ի վերջո արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն, ուստի ապրիլի 28-ին, Վարազդատ Հարությունյանի հետ, հսկող դատախազին ներկայացրեցինք փաստերով հիմնավորված միջնորդություն՝ ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
Ու ի՞նչ։ Ոչինչ։ Անցել է ուղիղ երկու շաբաթ՝ չունենք միջնորդությունը ո՛չ բավարարելու, ո՛չ էլ մերժելու մասին որոշում, թեև օրենքով ունեին 7 օր ժամանակ։
Հետևություններ՝
1) Ես սխալվում էի՝ կարծելով, որ առկա էր դատախազության գործառույթն արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն։ Չի՛ եղել նման բան։ Դրա փոխարեն՝ եղել է «ծածկադմփոցի» ցանկություն։
2) Դատախազությունն իր անգործությամբ փաստացի խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի մեծ ծավալներ ու ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան։ Այդ ամենի համար գլխավոր դատախազը կրում է անձնական պատասխանատվություն»։