«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը:
Ընդհանրապես, նկատենք, որ ներման թեման վերջերս ամենաշատն է քննարկվում հատկապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի շրջանակներում, քանի որ նրա ազատ արձակման համար կողմնակիցներն ակտիվ պայքար են մղում: Եւ, ահա, Մհեր Ենոքյանի հետ կապված առաջարկություն եւս նախագահին ուղարկված է եղել: Թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, որեւէ պետական գերատեսչություն չի մանրամասնում:
Նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ամեն դեպքում, հստակ չէ` Մհեր Ենոքյանի վերաբերյալ ներելո՞ւ, թե՞ չներելու առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ շրջանառվող լուրերի Ենոքյանին ներելու առաջարկը մերժվել է:
Հավելենք, որ այդ որոշումներն ուղարկվել են արդեն Արդարադատության նախարարություն, սակայն վերջինիս լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե այդ առնչությամբ հայտարարություն կանեն միայն այսօր եւ այլ մանրամասներ չեն կարող հայտնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։