ՀՀ վարչապետն արձանագրել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուրջ բավականին լարված իրավիճակ է հավելելով, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: «Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև արձանագրել է, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: «Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:
Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը: