14 Փետրվարի, 2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

«Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության և ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում: Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու և ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը տեղեկացնելով, որ շահառուների դիմումների ներկայացման գործընթացը մեկնարկել է: Պետնախարարը հանձնարարել է աջակցության միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում ապահովել, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ժամանակին ստանալ նախատեսված փոխհատուցումները:

Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաև, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները: Բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար սոցիալապես անապահով խմբերին: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարևորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ իրականացումը նշելով, որ այն պետք է պարզ և հասկանալի լինի ինչպես բեռն ուղարկած բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ հասարակության համար: Նրա խոսքով բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի ում և ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը, որպեսզի տուրք չտա տարբեր տեսակի ապատեղեկատվությանն ու շահարկումներին:

Նիստում անդրադարձ է եղել նաև գների վերահսկողության խնդրին: Տեղեկացվել է, որ հաստատվել է «Ապրանքների շրջանառության, այդ թվում իրացման գների ձևավորման և վերահսկողության հատուկ կարգը», որով Պետական եկամուտների կոմիտեին, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեին, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին, իսկ շրջաններում վարչակազմերին գների վերահսկողության գործառույթներ են վերապահվում: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին շարունակել դիտանցումներն ու գնագոյացման ուսումնասիրությունների աշխատանքները, ինչպես նաև վերլուծել գնաճային հնարավոր դրսևորումների պատճառները:

 

Լրահոս