12 Ապրիլի, 2025

Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց  վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան ճանապարհի եզրի քանդված հատվածները չեն նորոգվել։ Այս մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից  վնասվեցին, շահագործումից դուրս եկան մի շարք կամուջներ, միջպետական  ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի  շատ տեղերում քանդվեց ճանապարհի եզրը։ Գրեթե մեկ տարի է անցել, ջրհեղեղից վնասված կամուրջները չեն վերականգնվել, Դիլիջան-Իջևան հատվածում, միայն մի տեղ՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին գտնվող «Գետափ» ռեստորանի մոտ է ճանապարհի եզրի քանդված հատվածը վերականգնվել, հենապատ սարքվել, մնացած հատվածները  դեռ սպասում են վերականգնման։  Ջրհեղեղից տուժած բնակիչների մի մասին է պետբյուջեից  ֆինանսական  աջակցություն ցուցաբերվել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Տավուշի մարզի  պետական, համայնքային և մասնավոր  սեկտորները ֆինանսական ինչքա՞ն վնասներ են կրել, ապրիլի 3-ի դրությամբ պետբյուջեից ընդհանուր  որքա՞ն գումար է տրամադրվել հեղեղից տուժած  ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով պատճառված վնասները ուսումնասիրվել և արձանագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից, որոնց վերաբերյալ ակտերը ներկայացվել են մարզային հանձնաժողովի քննարկմանը՝ եզրակացություն տալու նպատակով: Նշված ակտերը մարզային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացվել են ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։

Մարզային և համայնքային հանձնաժողովների ձևավորման մասին  տեղեկատվությունը ներկայացվում է կից էլեկտրոնային նյութով։ Հանձնաժողովներն իրենց գործառույթները իրականացրել են առաջնորդվելով ՀՀ կառավարության «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» 10 նոյեմբերի 2011 թվականի թիվ 1582-Ն որոշմամբ: Դիմումները ներկայացվել են համայնքներին։

Գյուղացիական տնտեսություններին, անհատական բնակելի տներին, ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին  և տնտեսվարողներին պատճառված վնասների փոխհատուցման և ֆինանսական աջակցության հետ կապված հարցերը կարգավորվել են ՀՀ կառավարության 04․07․2024թ․ թիվ 1033-Լ, 04․07․2024թ․ թիվ 1043-Ն, 15․08․2024թ․ թիվ 1301-Լ, 15․08․2024թ․ թիվ 1298-Լ, 15․08․2024թ. թիվ 1264-Լ և 15․08․2024թ․ թիվ 1275-Ն  որոշումներով հաստատված կարգերի համաձայն։

Աղետից հետո անմիջապես համայնքային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծ վնաս է հասցվել պետական և համայնքային ենթակառուցվածքներին /կամուրջներ, ճանապարհներ, ոռոգման և խմելու ջրագծեր, հենապատեր/, գյուղատնտեսական հողատարածքներին, անհատական բնակելի տներին և ոչ բնակելի տարածքներին, ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ՝տնտեսվարողներին: Վնասվել են — Խաշթառակ գյուղի կամուրջը, որի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, Այրումի կամուրջը՝ որտեղ առաջիկայում կտեղադրվի ժամանակավոր մետաղական կամուրջ և Այրումի հետիոտնային կամուրջը, որը կկառուցվի առաջիկայում Շվեցարիայի կառավարության աջակցությամբ։ ՀՀ կառավարության 26․09․2024թ․ թիվ 1539-Ն որոշմամբ՝ Դիլիջան քաղաքի Էմմա Ծատուրյան փողոցի սկզբնամասում հեղեղված հենապատի վերականգնման և Խաշթառակի ժամանակավոր կառուցման նպատակով հատկացվել է համապատասխանաբար 33․957 և 41․424 մլն․ դրամ գումար։ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1800-Ն որոշմամբ  Աղստև գետի խնդրահարույց հատվածների մաքրման և հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 70,0 մլն դրամ գումար։ Ըստ հանրապետական հանձնաժողովին ներկայացված ակտի՝ անհատական բնակելի տներին պատճառված ընդհանուր վնասի գումարը՝ վերանորոգման, առաջնային գույքի և բնակարանի գնման վկայագրի համար կազմել է՝ 89,702,900 դրամ։ Վնասվել է 32 տրանսպորտային միջոց, որից 29-ին տրվել է  32,9 մլն․ դրամ ֆինանսական աջակցություն։

Տուժել է 307 գյուղացիական տնտեսություն – Նոյեմբերյան համայնքում  292, Դիլիջան համայնքում՝ 15, որոնց փոխհատուցման նպատակով տրված գումարը կազմել է 48,665 մլն  դրամ։  Վնասվել է 20,7 հազար ծառ, 278 թռչուն, 60 գլուխ խոզ ու խոճկոր, 74 մեղվափեթակ, 8 գլուխ մանր եղջ․ անասուն»»,- գրել է նա։

Լրահոս