Նա ցավով է նկատել, որ այդ ամենը տեղի է ունենում հենց Վատիկանում։ Նրա խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականության մեջ և նույնիսկ պետական մակարդակով ֆինանսավորում է։
«Ասեմ նաև․ երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը, Այսրկովկասի պատմության, մշակույթի, ազգագրության, հնագիտական խնդիրներով զբաղվող որևէ լուրջ գիտնականի անուն չկա, մասնակցություն չեն ունեցել, իսկ օտարերկրյա մասնագետների մեծ մասն էլ, որոնք ելույթ են ունեցել, խոսել են ընդհանուր դավանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թեզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպես կոչված, մասնագետները և մեկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականությունը և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաև օգտագործելով օտարերկրյա մասնագետներին, ցույց տալ իր հավակնությունները Կուրի աջափնյա մշակութային ողջ ժառանգության նկատմամբ»,- փաստել է Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետը՝ հավելելով՝ Ադրբեջանում քրիստոնեության ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Արցախի Հանրապետության տարածքում այսօր ոչնչացվում են ոչ միայն նոր կառուցված եկեղեցիներ, այլև հին՝ 19-րդ դարում կառուցվածը, երբ ամբողջ միջնադարյան մեր վիմագիր արձանագրությունները սպառնալիքի տակ են։
«Ի՞նչ ընդհանուր կրոնական հանդուրժողականության մասին է խոսքը․․․ Այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ, համապատասխան կառույցները պետք է հետևություն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երևույթներից մեկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրույթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականության մեջ»,-նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Նաև ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երևույթը: Դատապարտելի է նաև օտարերկրյա այն մասնագետների մասնակցությունը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականությունը, որը տարվում է տարիներ շարունակ, և միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Մենք նաև հայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն, և աշխարհը կրկին լուռ է: Այդ նույն քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը դարերով ստեղծվել է և պահպանվել է Արցախում, այսօր գտնվում է ոչնչացման, յուրացման վտանգի տակ: Այս ամենն ուղղակի զայրույթ է առաջացնում և, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն վանդալիզմի և մշակութային ցեղասպանության քաղաքականությունից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակել է Լեռնիկ Հովհաննիսյանը։