«Մենք կարևոր քննարկում ունեցանք այն մասին, թե ինչպես է հնարավոր Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև բարելավել առևտրային և տեխնոլոգիական փոխանակումները», – ասաց սենատոր Պորտանտինոն: «Քննարկվել է նաև Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը պայմանավորված այստեղ բնակվող ակտիվ հայ համայնքի առկայությամբ»:
«Տաղանդների համաշխարհային շուկա մուտք գործելը Լոս Անջելեսի նման ցանկացած տեխնոլոգիական կենտրոնի հաջողության բանալին է: Հենց այս պատճառով Լոս Անջելեսը Երևանին ուղիղ չվերթով միացնելն ունի էական նշանակություն», – ասաց Դավիթ Տոնոյանը:
Վերջին տարվա ընթացքում ամերիկահայ գործարար, Dot818 ընկերության նախագահ և Plat.AI-ի համահիմնադիր Դավիթ Տոնոյանն աշխատել է ԱՄՆ խոշոր ավիաընկերությունների, օրենսդիր մարմիների, ինչպես նաև Լոս Անջելեսում գործող և Հայաստանում գրասենյակներ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի LAX-EVN ուղիղ չվերթը մոտ ապագայում դառնա իրականություն: Բանակցությունների ակունքում է նաև Dot818-ի դուստր կազմակերպություն Plat.AI տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն մի շարք կրթական և տեխնոլոգիական նախագծեր է իրականացրել Հայաստանում և պատրաստվում է ընդլայնել իր թիմը Հայաստանում:
Ս.թ. հուլիս ամսվա ընթացքում Դավիթ Տոնոյանը աշխատանքային այց կունենա Երևան ուղիղ չվերթի կազմակերպման հարցի շուրջ քննարկումները հայաստանյան կողմի հետ շարունակելու և Plat.AI-ի երևանյան մասնաճյուղի հաջողությունները նշելու համար: Նա նաև հանդես կգա նոր համայնքային զարգացման և տեխնոլոգիական նախագծերով, որոնք միտված են զարգացնելու Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ոլորտը և կրթությունը:
Միացյալ Նահանգների ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի թե՛ Լոս Անջելեսում և թե՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարվորությունների ընդլայնմանը: Կողմերը լիահույս են, որ ուղիղ չվերթը շուտով կդառնա իրականություն: