Դրա դեմ պայքարելու լավագույն միջոցն աշխատանքն է, որը փակում է հուսահատության ճամփան ու խափանում հակառակորդի պլանները: Դրա համար մեր We Are Our Mountains գործակալությունը շարունակելու է իրականացնել իր բոլոր ծրագրերը:
Այսօր ես ուզում եմ խոսել արցախցի երիտասարդների համար երկու կարևոր կրթական ծրագրի մասին. «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և «Nation in Action» կազմակերպության նախաձեռնությամբ արցախցի 30 երիտասարդ այս տարի առաջին անգամ մասնակցելու է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին:
Նոյեմբերին կայանալիք մրցույթին արցախցի երիտասարդներին նախապատրաստելու համար Հայաստանի առաջատար մասնագետները նրանց հետ վեցամսյա առցանց դասընթաց են անցկացնում միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով:
Այսօրվա իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում տնտեսության մեջ, բիզնես ոլորտում, և ես ու իմ գործընկերները հավատացած ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք ամուր հիմք ստեղծել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
Արդեն մեկնարկել է նաև Matena International School of Leadership and Professional Development -ի Արցախում իրականացվող չորրորդ ծրագրի ընդունելությունը նախատեսված Արցախի հանրային և մասնավոր ոլորտներում գործող առաջնորդների համար: Այն երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կարող են ծրագրում ընդգրկվելու համար դիմել մինչև հուլիսի 12-ը:
Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել մեր կամքը, ստիպել, որ դադարեցնենք մեր ծրագրերը: Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Սա մեր պատմության հերթական ծանր փուլն է, որին պիտի դիմակայենք գործով, սառնասրտությամբ, ծրագրված աշխատանքով ու համախմբվածությամբ»։