Նիկոլ Փաշինյանի մոտ որքան էլ ձգտումը մեծ է ճանապարհային ոստիկաններին ու պարեկային ծառայողներին ներկայացնելու անկաշառ ծառայողների, այնուամենայնիվ, բազմաթիվ հաղորդագրություններ են վերջին տարիների ընթացքում տարածել իրավապահ մարմինները ՃՈ կողմից կաշառքի դեպքերի մասին։
Բազմաթիվ դեպքերից թվարկենք ընդամենը երեքը․
Հաորդագրություն հակակոռուպցիոն կոմիտեից․ «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4‑րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով:
Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:
Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք»:
Եվս մեկ հաղորդագրություն հակակոռուպցիոն կոմիտեից․ «Ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս.-ի հետ: Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ.-ի և Գ. Ե.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք: Արդյունքում Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021թ. դեկտեմբերից 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին»:
Հատված ոստիկանության հաղորդագրությունից․ «Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ավագ տեսուչը կոչումով մայոր, և նույն դասակի տեսուչը կոչումով կապիտան, 2022 թվականի նոյեմբերին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել, ավելին որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ կամ պաշտոնեական լիազորություններն անցնելով բաց են թողել տվյալ ավտոմեքենաները: Փաստերի առթիվ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ կաշառք տալու 13 դրվագով, կաշառք ստանալու 13 դրվագով և պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Նման հաղորդագրությունները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը և գալիս են վկայելու, որ Նիկոլ Փաշինյանի համոզմունքը, թե պարեկային ոոստիկանները կաշառք չեն երցնում, բոլորովին հիմնավոր չէ։