9 Հոկտեմբերի, 2024
«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոկտեմբերի 2-ի հրամանով, Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն» ՀԿ-ին հատկացվել է 71 միլիոն դրամ՝ Երեւանյան 16-րդ փառատոնի կազմակերպական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ի դեպ, օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որը տեղի ունեցավ նախօրեին, կազմակերպվել էր հենց Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որի գլխավոր աջակիցը Երեւանի քաղաքապետարանն էր, իսկ համերգի տոմսերի գները տատանվում էին 10-120 հազարի շրջանակում։

Համեմատության մեջ նշենք, որ սա այնքան էլ մեծ գումար չէ, եթե հաշվի առնենք, որ շաբաթներ առաջ էլ քաղաքապետարանը շուրջ 70 մլն դրամ էր հատկացրել՝ 15 երգի ձայնագրության նորացման, ինչպես նաեւ՝ մեկ նոր երգի ստեղծման համար։

Իսկ ընդհանրապես՝ քաղաքապետարանը կարծես ստանձնել է նաեւ ԿԳՄՍՆ-ի ֆունկցիաներ եւ մեկ ամիս առաջ էլ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել էր 135 մլն 700 հազար դրամ՝ Yere-vanClassicFest խորագիրը կրող սիմֆոնիկ նվագախմբերի առաջին միջազգային փառատոնի իրականացման համար:

Երեկ տեղեկացանք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Պլասիդո Դոմինգոյին, շնորհակալություն հայտնել այցելության համար եւ համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրել Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Լրահոս