10 Հոկտեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

Դիլիջանի միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանը, որը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) ցանցի 18 դպրոցներից մեկն է, այս օրերին նշեց հիմնադրման տասնամյակը:

Այն, ինչ տեսանք եւ լսեցինք, իսկապես տպավորիչ էր` 10 տարվա ընթացքում UWC Դիլիջանը ոչ միայն միջազգային նշանակության կրթական կենտրոն է դարձել՝ Հայաստան բերելով 120 երկրից ուսանողների, այլեւ խթան է հանդիսացել քաղաքի զարգացման համար: Դպրոցի հիմնադրումից հետո քաղաքն սկսել է նաեւ կայուն «զբոսաշրջային հոսք» ունենալ՝ հյուրընկալելով ուսանողների ծնողներին ու հարազատներին, սկսել է զարգանալ հյուրանոցային ու ռեստորանային ցանցը, անգամ քաղաքի տաքսիստներն են սկսել անգլերեն սովորել՝ դպրոցի ուսանողներին ու նրանց հարազատներին սպասարկելու համար:

UWC Դիլիջանի ստեղծումով քաղաքում բացվել է 1700 ժամանակավոր եւ շուրջ 300 մշտական աշխատատեղ։ Կրթական մասով նույնպես արդյունքները տպավորիչ էին․ 917 շրջանավարտ՝ 120 երկրից: Շրջանավարտների գերակշիռ մասն ընդունվել է աշխարհի առաջատար բուհեր: Բացի այդ, այս տարիների ընթացքում 160 հայ երիտասարդ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում եւ ցանցի մյուս դպրոցներում: Նրանց շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների տրամադրած կրթաթոշակներով, այդ թվում՝  դպրոցի համահիմնադիր, ներկայում Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի աջակցությամբ:

Ուշագրավն այն է, որ այս նշանակալի կրթական հաստատության տասնամյակին ներկա չէին ո՛չ կրթական, ո՛չ զբոսաշրջային ոլորտների պատասխանատու նախարարները: Ասել, որ նրանք չգիտեին դպրոցի նշանակության մասին, սխալ կլինի, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը եւս սովորում է UWC ցանցի քոլեջներից մեկում՝ UWC Robert Bosch քոլեջում: Պարզապես Ռուբեն Վարդանյանի հասցեին շեֆի հնչեցրած հայտարարությունները համարել են ազդակ՝ չներկայանալու համար (ի դեպ, մենք տեղեկացանք, որ դպրոցը հրավերներ ուղարկել է նրանց բոլորին): Ներկա չէին անգամ մարզային եւ քաղաքային «իշխանիկները», օրինակ` Դիլիջանի քաղաքապետը, նույն՝ հասկանալի պատճառով:

Փոխարենը՝ ներկա էին անվանի հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ UWC ամբողջ ցանցի՝ UWC միջազգային խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն:  Նա շատ տպավորիչ ելույթ ունեցավ՝ Ռուբեն Վարդանյանին համեմատելով UWC-ի նախկին նախագահ, հանրահայտ Նելսոն Մանդելայի հետ. «Երբ մենք մտածում ենք Նելսոն Մանդելայի մասին, նրան հիշում ենք որպես մարդու, որն անցել է պայքարի միջով եւ դուրս է եկել դրա հակառակ կողմից: Երբ ես մտածում եմ մեր հիմնադիրներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի մասին, ես հայացք եմ գցում Նելսոն Մանդելայի կյանքի ուղղությամբ եւ ասում եմ, որ կան մարդիկ, որոնք անցնում են կյանքի կրակի միջով։ Աստծո կամոք, նրանք դուրս են գալիս այդ կրակից ու ավելի մեծ ազդեցություն են ունենում փոփոխությունների վրա»:
Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք: Երբ Դիլիջանի դպրոցը հիմնադրվում էր, ի հայտ էր եկել «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» կոչվող մի նախաձեռնություն, որը դեմ էր դպրոցի ստեղծմանը: Ինքս առիթ ունեցել էի՝ լինելու նաեւ այս տարվա մայիսին դպրոցի ավարտական արարողությանը, եւ բացահայտումն այն էր, որ դպրոցի ուսանողներն ավելի շատ էին արտասանում «Արցախ» բառը, քան հիմա Հայաստանի շատ դպրոցներում:

Լրահոս