25 Հունիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

«vz.ru-ն «Ֆրանսիան Հայաստանին զինում է հակառուսական նպատակներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ընդլայնում է իր ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հետ։ Հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները պայմանագիր են կնքել ֆրանսիացիների հետ «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման համար։

Ֆրանսիական պաշտոնական Le Monde հրատարակությունը տեղի ունեցածը անվանել է «Փարիզի աննախադեպ միջամտություն ռուսական ազդեցության ոլորտում», և դրան հենց նման կերպ էլ վերաբերվում են Ֆրանսիայում։ Զարմանալի չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի լավ բան չի տեսնում տեղի ունեցողի մեջ։ Ֆրանսիան Հայաստանի հետ «Կեսար» հաուբիցների մատակարարման պայմանագրերով հրահրում է էսկալացիայի փուլ Հարավային Կովկասում, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Արևմուտքի նպատակն է զրոյացնել Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում։ Իհարկե, Փարիզը պնդում է, որ օգնությունը, որը տրամադրում է Հայաստանին՝ զինվորներին վերապատրաստելով և զենք մատակարարելով, «բացառապես պաշտպանական նպատակներով է», քանի որ «առաջնահերթությունը քաղաքացիական բնակչության և ռազմավարական վայրերի պաշտպանությունն է»։

Բայց գաղտնիք չէ, որ Հայաստանի և նրա հարևանի՝ Ադրբեջանի միջև լարված հարաբերություններ են, Ադրբեջանը վայելում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցությունը, որը ևս գաղտնիք չէ։ Եվ այն, որ Հայաստանին հաջողվել է կապեր հաստատել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Ֆրանսիայի հետ, ևս հասկանալի է։ La Tribune պորտալը նշել է, որ հենց Ֆրանսիայում է գտնվում «Եվրոպայի հիմնական հայկական սփյուռքի բնօրրանը», և շատ հայեր դարձել են ֆրանսիական մշակույթի և սպորտի մաս՝ երգիչ Շառլ Ազնավուրից մինչև աշխարհի չեմպիոն, ֆուտբոլիստ Ալեն Պողոսյան։ Եվ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչները չեն մոռանում իրենց հեռավոր հայրենիքի շահերը։ Օրինակ՝ Ֆրանսիան ոչ միայն ճանաչել է թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև նախագահ Մակրոնի օրոք ապրիլի 24-ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ինքը՝ Էմանուել Մակրոնը, կարծես թե մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը։ Դրա նշաններից մեկն էլ Դիմադրության մարտիկ, հայազգի հակաֆաշիստ Միսակ Մանուշյանի աճյունը պանթեոն տեղափոխելն էր։

Ինչպես բացատրում է սյունակագիր և քաղաքական գործիչ Քսավիե Բերտրանը Le Figaro-ի իր հոդվածում, «Հայաստանը Եվրոպայի շարունակությունն է, լատինական հանճարի շարունակությունն Արևելքում»։ «Ռազմական առումով,- շարունակել է Բերտրանը,- մենք չենք կարող Հայաստանին մենակ թողնել Բաքվի բռնապետի էքսպանսիոնիստական ծրագրերի հետ… Փաշինյանի կառավարությունը թույլ տվեց Հայաստանի և Եվրամիության մերձեցումը այն ժամանակ, երբ Մոսկվայի, Բաքվի և Անկարայի ավտորիտար ռեժիմների միջև ձևավորվում են հակաեվրոպական արժեքներ։ Մեր ռազմավարական շահերից է բխում Հայաստանին պատշաճ կերպով զինելը, որպեսզի նա կարողանա հակազդել Ադրբեջանի սպառնալիքներին, քանի որ նույն սպառնալիքները գալիս են նաև Ռուսաստանից»։ Հիշատակելով առաջին ռազմական առաքումները, որոնք ներառում էին ռադարներ, գիշերային տեսողության սարքեր և զրահափոխադրիչներ, հեղինակը գրել է, որ «այդ նախաձեռնությունները շատ գովելի էին, բայց չէին համապատասխանում ռուս-ադրբեջանական սպառնալիքի մակարդակին»։ Եվ այս ամենը բավականին լուրջ է ասվում։

Ֆրանսիական հեղինակավոր հրատարակությունը Ռուսաստանին, որը միշտ ձգտել է պաշտպանել Հայաստանը՝ երբեմն նույնիսկ ի վնաս սեփական շահերի, հավասարեցնում է Ադրբեջանի հետ, որն իսկապես լուրջ տարաձայնություններ ունի Հայաստանի հետ և բազմիցս է կռվել նրա հետ: Բայց հենց նման կերպ են սկսում մարդկանց գիտակցության մեջ մտցնել այն, որ Ռուսաստանը թշնամի է։ Հաջորդ քայլը կլինի պատմությունը վերաշարադրելը, երբ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ կհայտարարվի թշնամական, հակահայկական, ոչ ժողովրդավարական և ոչնչացման ենթակա։ Ֆրանսիական Zone militaire մասնագիտացված պորտալը դեռ նոյեմբերին էր հայտնել Հայաստանին «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերի հնարավոր մատակարարումների մասին, սակայն այս հարցի վերաբերյալ փաստաթղթերը ստորագրվել են միայն հիմա։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է Բիսմարկի ուշագրավ խոսքերը՝ «դիվանագիտությունն առանց զենքի նման է երաժշտության առանց երաժշտական գործիքների», և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի մերձեցումը «Ադրբեջանի ճաշակով չէ, որն ավելացնում է ֆրանսիայի դեմ իր տեղեկատվական հարձակումների թիվը»։

«Կեսարների» վերաբերյալ Հայաստանի խնդրանքին աջակցել են սենատորներ Սաութ Սորեյը և Հելեն Քոնվեյ-Մուրեթը։ «Մենք չպետք է կրկնենք այն սխալները, որոնք թույլ ենք տվել Ուկրաինայի հետ, երբ անհրաժեշտ սպառազինությունը ուշ է մատակարարվել, և վտանգավոր կերպով կրճատվել են մեր բանակների պաշարները… Հայաստանի իշխանությունների խնդրանքները պետք է արագ բավարարվեն»,- նշել են սենատորները։ «Կեսարներ» արտադրող KNDS կոնցեռնի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարություն են արել, որ իրենք կարող են արտադրել այնքան հաուբիցներ, որոնք կբավարարեն բոլոր հաճախորդներին, և ներկայում դրանց արտադրությունն ավելացրել են՝ հասցնելով ամսական վեց հատի։ Ֆրանսիական թերթերը նաև հայտնում են, որ Հայաստանը պատրաստվում է ընդլայնել իր ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, և որ պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուն և Սուրեն Պապիկյանը ստորագրել են նաև այլ պայմանագրեր, որոնց բովանդակությունը չի բացահայտվում։

Կարելի է ենթադրել, որ կլինեն հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և գուցե նույնիսկ ինքնաթիռներ։ Զարգացնելով համագործակցությունը Հայաստանի հետ՝ Ֆրանսիան լուծում է միանգամից մի քանի խնդիր. խրախուսել սեփական արդյունաբերությունը և ստեղծել նոր աշխատատեղեր, ընդլայնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը այնտեղ, որտեղ ընդհանրապես չի եղել, ինչպես նաև ապագայում ստեղծել Ռուսաստանի սահմանից ոչ հեռու գտնվող հակառուսական նոր հենակետ։ Եվ նրանք, հաստատապես, այդ ամենի համար գումար չեն խնայի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս