««Հայր և որդի Երեմյաններ» և Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բազմապիսի գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պետական կառույցներից գրեթե 2 մլն դրամ արժողությամբ գնում է իրականացրել։ Այդ կառույցներն են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կատարված 9 գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցակցության։ Հիմնականում մատուցվել են կրկին ներկայացուցչական ծառայություններ, հյուրասիրության ծառայություններ եւ հանրային սննդի կազմակերպում։
Երեմյանների դեպքում հաճախ ենք նկատում, որ պետական համակարգի հետ պայմանագրեր կնքելը գրեթե միշտ կատարվում է մեկ անձից գնման եղանակով՝ առանց մրցույթի և մրցակցության:
Եվ հետաքրքիր է, որ սա չի առաջացնում կասկածներ, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում։
Երեմյաններին պատկանող 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը եւս արտոնյալների ցանկում է։ «Հայր և որդի Երեմյաններ»-ը և ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի «Ձեռնարկատեր+պետություն» ՓԲԸ-ն համատեղ ծրագիր են իրականացրել։ Այս ծրագրի շրջանակում 225 հա հողատարածք և սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք պետք է նպաստեին անասնակերի աճեցմանը և մշակմանը։ Ստացված հենց այդ բերքով են Երեմյանների՝ Ջերմուկի ֆերմայի կովերը սնվել։
Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը ԱՆԻՖ-ի լուծարումից հետո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: