«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ փակ հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Կենտրոնական բանկի անդամների թեկնածուների հետ, որոնց «դաբրո» է տվել, որ ընտրվեն այդ պաշտոններում։ Դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացել Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը, ՔՊ-ն երկուսին էլ մերժեց:
Իսկ երեկ միաձայն հավանություն են տվել Կենտրոնի նախկին թաղապետ, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությանը։ Թե որքանով Պողոսյանը կապ ունի ՀՌՀ ոլորտի հետ, պարզվում է նա հիմնավորել է, թե ԲՏԱ փոխնախարարի պաշտոնում հենց այդ կապի եւ տիեզերական ոլորտն է համակարգել։
Ի դեպ, մինչ 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը 2019-ին նշանակվեց թաղապետ, 22-ին փոխնախարար, իսկ 24-ի հուլիսին ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե հայկական արբանյակի ձախողման հետ կապված սկանդալային պատմության պատճառով է ազատվել պաշտոնից մեր արբանյակը խանգարել էր այլ արբանյակների աշխատանքին, թեեւ նա հերքում էր այդ լուրերը:
ԿԲ անդամի թափուր պաշտոնում կրկին առաջադրվել է Լեւոն Սահակյանը, ով 22-ին ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ 2 տարով։ Այժմ ժամկետը լրացել է, ուզում են երկարացնել։ Սահակյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր մինչ ԿԲ գնալը»: