21 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատից հրաժարված ՔՊ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա․ մեր տեղեկություններով՝ նրան կնշանակեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, գուցե սկզբում՝ ժամանակավոր պաշտոնակատար, ապա ձևական մրցույթ կանեն և նոր միայն՝ տնօրեն։ 2018 թվականի դեկտեմբերից հիվանդանոցի տնօրենն է Արման Հովակիմյանը, որին այդ պաշտոնում նշանակել է այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ Հովակիմյանն ու Թորոսյանն ընկերներ են։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։ Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղավ այն, որ 1 միլիոն դրամով կրճատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Ի դեպ, մի առիթով Զեյնալյանն էլ իր ղեկավարած առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում քննադատել է, որ ԲԿ տնօրենն այդքան աշխատավարձ է ստանում։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը Զեյնալյանին նոր պաշտոն շնորհելով` մեսիջ է հղում թիմին, թե ինչ է սպասվում հնազանդներին և ինչ՝ ըմբոստներին: Ահավասիկ․ Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդումների է ենթարկվում, և օրեր անց գլխավոր դատախազը խորհրդարան է գնալու՝ նրան ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, իսկ մանդատից հնազանդորեն հրաժարված Նարեկ Զեյնալյանը բարձր վարձատրվող աշխատանքի է նշանակվում: Այսինքն, Փաշինյանին ենթարկվելը շահավետ է։ Փորձեցինք Նարեկ Զեյնալյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Զեյնալյանը ԲԿ-ում աշխատանքի կանցնի ապրիլի 1-ից։ Երեկ Արման Հովակիմյանը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել աշխատակազմի հետ՝ հայտնելով իր հեռանալու «բոթը», շնորհակալություն է հայտնել թիմին, սակայն չի ասել հեռանալու պատճառների մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում 

 

Լրահոս