12 Հոկտեմբերի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունս ընկերասեր, մեծին հարգող երեխա էր: Հանգիստ էր իր բնավորությամբ, զուսպ, ոչ մեկին չէր ուզում նեղացնել: Եթե հանկարծ վեճեր էին լինում, որտեղ իր ընկերներն էին ներգրավված, աշխատում էր բոլորի հետ զրուցել, հաշտեցնել: Բավականին մեծ ընկերական շրջապատ ուներ թե՛ մեր և հարակից գյուղերում, թե՛ Մասիսում: Իրեն բոլորը «Կյաժ» էին դիմում և՛ գյուղում, և՛ զորամասում: Յուրահատուկ բնավորություն ուներ, այն, ինչ իրեն դուր չէր գալիս, նա բացահայտ ցույց չէր տալիս: Իր բնավորությունը, կարծես, գաղտնիք լիներ մեզ համար, իրեն մինչև վերջ չէինք հասկանում», – «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Բինան՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ, կարծես, սեր չունենար: «Շախմատ էր շատ սիրում, ում հետ խաղում էր, բոլորին հաղթում էր: Բավականին երկար ժամանակ նաև ֆուտբոլ է խաղացել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հարությունն ուսումը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։ Մի քանի ամիս էր մնացել ուսումն ավարտելուն, երբ նա զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Վերադառնալուց հետո պետք է ուսումը շարունակեր քոլեջում: Մայրիկն ասում է՝ որդու երազանքը ծրագրավորող դառնալն էր. «Մեզ ասել էր, որ սենյակներից մեկն ուզում է այնպես կահավորել, որ այդտեղ աշխատի: Իր զոհվելուց հետո արդեն այդ սենյակը դարձրեցինք իր անկյունը»: 2018 թ. հունվարի 19-ին Հարությունի եղբայրը՝ Նորայրը, զորակոչվում է ծառայության: Մեկ տարի անց՝ 2019 թ. հուլիսի 19-ին, ծառայության է մեկնում Հարությունը: Նա ծառայել է Դիլիջանում:

«Շատ լավ էր անցնում իր ծառայությունը, գոհ էր, սիրված իր զորամասում: Հրետանավոր էր, վարպետացել էր այդ ուղղությամբ, պատերազմի օրերին անվրեպ կարողացել է խոցել բոլոր թիրախները: Չէր ձգտում կոչումների, ուզում էր հանգիստ ծառայել և զորացրվել ու տուն վերադառնալ»: Հարությունը թմբկահար էր: Տիկին Բինան մարտկոցի հրամանատար, կապիտան Մարզպետ Վարդանյանի խոսքերն է վերհիշում, որ երբ զորամասին թմբուկ են հատկացրել, վերջինս ասել է. «Մեր Կյաժը կնվագի»»։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն առավոտյան ինձ նամակ գրեց, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք: Մի քիչ զրուցեցինք, հետո ասաց, որ Հաղարծին են գնում: Իրենց մոտ, կարծես, ավանդույթ լիներ, ամեն կիրակի գնում էին Հաղարծին: Իր հետ զրուցելուց հետո արդեն համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել: Նորից Հարութին նամակ գրեցի՝ տղե՛ս, պատերազմ է սկսվել:

Մա՛մ ջան, ի՞նչ պատերազմ, նման բան չկա»: Բայց արդեն անհանգստություն կար իմ ներսում: Միշտ նամակներ էր գրում ինձ, ես էլ չէի զանգահարում, որպեսզի հանկարծ իրեն անախորժ վիճակում չդնեմ: Մեկ-մեկ միայն զանգում, մի երկու բառ փոխանակում էր մեզ հետ: Առաջինը հեռախոսը տալիս էի եղբորը, հետո նոր ես էի զրուցում իր հետ: Մի քանի օր անցել էր պատերազմից, իրեն հարցրեցի՝ Հարո՛ւթ, ճի՞շտ ես ասում, դուք Իջևանո՞ւմ եք: Արձագանքեց՝ այո, մի նկար ուղարկեց, որ ինձ հանգստացնի: Բայց հետո պարզվեց, որ դա միայն ինձ հանգստացնելու համար է արել»: Հարությունի մարտական ուղին է փաստում. «Շարքային Հարություն Հովսեփյանը 2019 թ. ամռանը մեկնել է ծառայության և նշանակվել թիվ N զորամասում որպես 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հաշվարկի զինվոր։

Մարտկոցի անձնակազմի հետ 2020 թ. հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության հարավային մասում զբաղեցրել է կրակային դիրք և հոկտեմբերի 8-ին իրականացրել մարտական հրաձգություններ՝ ուղղված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուն և յուրային զորքերի տեղաշարժին աջակցելուն։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն՝ ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդին՝ պատճառելով կենդանի ուժի և կրակային միջոցների մեծ կորուստներ»:

Հոկտեմբերի 9-ին Հարությունը վիրավորվում է մարտի դաշտում: Նրա զորամասից տրամադրված մարտական ուղիում նշվում է. «Հրաձգություն կատարելու ժամանակ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից արձակված արկի պայթյունից մարմնի տարբեր հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ, ինչի հետևանքով հայտնվել է կոմայի մեջ և հոսպիտալացվել։ Գրեթե տասը օր կոմայի մեջ մնալուց հետո բժիշկներին չի հաջողվել բազում բեկորային վնասվածքներ ստացած շարքային Հովսեփյանի կյանքը փրկել, և նա, այդպես էլ գիտակցության չգալով, 2020 թ հոկտեմբերի 20-ին մահացել է»։ Հարությունը մարտական գործողությունների է մասնակցել և վիրավորում ստացել Ջրականում: Մայրիկը վերհիշում է այդ օրերի իրադարձությունները. «Հարությունիս հետ եղած սերժանտը նույն պահին է զոհվում, իսկ տղաս ծանր վիրավորվում է գլխի հատվածում: Վերջերս իր սերժանտի ծնողներն էին եկել մեր տուն, որոշ դրվագներ էլ իրենք պատմեցին՝ այլ զինվորների խոսքերից ելնելով:

Ավագ սերժանտն ասել է՝ դուրս գամ թաքստոցից, տեսնեմ, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Իմ տղան էլ արձագանքել է՝ սպասի, ես էլ գամ քեզ հետ, մենակ մի գնա: Նա ընկերության մեջ էլ էր այդպիսին, երբեք իր ընկերներին մենակ չէր թողնում: Հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն հարվածում է: Երբ տղաս վիրավոր է եղել, աչքերը բացել և իր սերժանտի մասին է հարցրել, թե ինչպես է նա: Հետո իրեն մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ, այնտեղ երկու վիրահատություն են իրականացրել և տեղափոխել Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այդ ընթացքում իրեն նամակներ էի գրում, դրանք անպատասխան էին մնում: Շատ անհանգիստ էինք: Իսկ հետո մեր բարեկամները հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ճանաչել էին Հարությունիս, դեմքն այնքան մաքուր էր եղել, որ նրան չճանաչելն ուղղակի անհնարին կլիներ:

Օրեր շարունակ գնում էի տղայիս մոտ, խոսում նրա հետ, բայց որևէ փոփոխություն չկար: Տղայիս սիրտն արագ բաբախում էր, կարծես զգար իմ ներկայությունը: Հոկտեմբերի 20-ին, սակայն, նա մահացավ: Իր մարմնի աջ կողմում շատ բեկորներ են եղել, բժիշկները դրանք գրեթե ամբողջությամբ հեռացրել էին»: Բայց դրանք արդեն իսկ իրենց սև գործը կատարել էին Հարությունի օրգանիզմում: Իսկ վերջում ապրելու ուժի մասին. «Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս ապրելու՝ ամուսինս, որդիս ու հարսիկս»:

Հ. Գ. – Հարություն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Դարակերտի գերեզմանատանը:

Լրահոս