21 Ապրիլի, 2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և նույն օրը իր ենթակային զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:

Միջնորդներից տեղեկանալով ՊՆ պաշտոնատար անձի պահանջած կաշառքի գումարի չափի մասին զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:

21.04.2023թ.-ին ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:

Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Գ.-ին 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ միջնորդներին 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Կ. Ա.-ի և Ա. Գ.-ի ևմիջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս