Պարբերականի տվյալներով դատարանը ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը, մատուցած ծառայությունների համար, 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։
The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը ապրիլի 20-ին։
Մինչ Տիգրան Արզաքանցյանի հետ ամուսնանալը, Նատալյա Ռոտենբերգը 2005-2013 թվականներին ամուսնացած է եղել ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի հետ։ 2022 թվականի մարտին ներկայիս ամուսնու Տիգրան Արզաքանցյանի հետ հայտարարել էր «Ուժ հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին։ Բացի այդ, կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնին Ռոտենբերգը կլինի իրենց թեկնածուն։
Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները։
2020 թվականին Արկադի Ռոտենբերգը Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանում սկսեց դատական գործընթաց փորձելով վիճարկել նախկին կնոջը Ռիբսդենում 27,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատան փոխանցման հարցը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա Սուրեյ կոմսության Բագշոթ գյուղի մոտ։ 2021 թվականին դատարանը գործարարի օգտին որոշում կայացրեց»։