ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ն.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հիշյալ դատավորի նկատմամբ, վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ն՛Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: