28 Ապրիլի, 2023
Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ նշել է. «Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։

Խոշտանգման արգելքը կրում է բացարձակ բնույթ, և այդ արգելքի ոտնահարումը սկզբունքորեն անհամատեղելի է ժողովրդավարության գաղափարի հետ ինքնին։ Ուստի նման երևույթների մասին արժանահավատ տեղեկությունները պետք է արժանանան պատշաճ ուշադրության կա՛մ հիմնավոր հերքվեն, կա՛մ հաստատվելով պատժվեն, որպեսզի անպատժելիությունը չհանգեցնի այդ անմարդկային երևույթի տարածման։ Որպեսզի «արյան հոտը» իրավապահ մարմիններում չդառնա սովորական։

Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող է դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»։

Լրահոս