11 Մայիսի, 2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի  452-րդ հոդվածի 2-րդ  մասով  և  264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գումարտակի աշխատակիցները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ժամանակ` ժամը 00.20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը երթևեկել է անկանոն:

Մեքենան ստուգելու նպատակով բարձրախոսի միջոցով հաղորդել են կանգնել, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին և դիմել է փախուստի։

Պարեկները ռադիոկապի միջոցով համապատասխան օգնություն են խնդրել կարգախմբերից արհեստական խցանում ստեղծելու նպատակով: Իսակով-Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում պարեկային ծառայության աշխատակիցնը արհեստական խցանում ստեղծելու նպատակով փակել են ճանապարհի մի մասը և դուրս գալով մեքենայից «կանգ առ» ազդանշանով փորձել կանգնեցնել մեքենան։ Վերջինս, չենթարկվելով, շարունակել է ընթացքը, մեքենայի ձախ կողային մասով հարվածել պարեկներից մեկի ոտքին և դիմել փախուստի։

Հետապնդումը շարունակվել է Արարատի մարզի վարչական տարածքով դեպի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի վարչական տարածք, որտեղ կարգախմբերը, առաջ անցնելով, փախուստի դիմող մեքենային փորձել են կանգնեցնել։ Չեթարկվելով օրինական պահանջին «Մերսեդես»-ի վարորդը դիտավորությամբ մեքենայով հարվածել է պարեկային «Շկոդա» ավտոմեքենաներին և կանգնել:

Վերջինիս վարորդը Արարատի մարզի 41-ամյա բնակիչ Ա․Ս․-ն, ձերբակալվել է տեղափոխվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվել է, որ նա եղել է արկոհոլ օգտագործած վիճակում։

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասերով։

Ա․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միոցների համակցություն է ընտրվել տնային կալանքը և գրավը 3 000 000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու, ըստ էության քննելու նպատակով, վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

 

Լրահոս