«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեր տեղեկություններով երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Տեղեկացանք, որ աշխատանքները տևել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Օհանյանը շատ համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն մինչ այդ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ վերջինիս աշխատասենյակում:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում կայացած դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Օհանյանը հայտարարել է այս հանձնաժողովի ստեղծումն ինքը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են տարիներ առաջ, ու պարզվել են բոլոր հանգամանքները, Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները համապատասխան հետևություններ անելով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Ըստ մեր տեղեկությունների Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին ինքը տեղյակ է եղել, և կարելի է ասել հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածն իրարից ոչ մի բանով չեն տարբերվել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում