«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:
Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին:
Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»:
Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով: Սցենարները երեքն են կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։