15 Մայիսի, 2025

Սպերցյանի անունը գնալով ավելի հաճախ է հայտնվում ֆուտբոլային մեդիայում, և դա պատահական չէ։ Էդուարդը համարվում է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ընթացիկ մրցաշրջանում շարունակում է ապացուցել իր մակարդակը։ Չնայած ԲԿՄԱ-ի դեմ անհաջողությանը, «Կրասնոդարը» մնում է չեմպիոնական պայքարում։ Այս ֆոնին ավելի հաճախ է հնչում գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո։ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները վաղուց են ընթանում, սակայն տրանսֆերը դեռ իրականություն չի դարձել։ Ինչո՞ւ։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒՂԻ

Սպերցյանը, Մատվեյ Սաֆոնովի հետ միասին, «Կրասնոդարի» ակադեմիայի ամենահաջող խաղացողներից է։ Նա ակումբին միացել է 10 տարեկանում, իսկ 17-ում նորամուտը նշել է պահեստային թիմում՝ երկրորդ լիգայում։ Նրա առաջընթացը կայծակնային էր. «Կրասնոդար-2»-ում հաջող ելույթներից հետո 2020-ի աշնանը նա նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ շուտով նաև Չեմպիոնների լիգայում՝ ընդդեմ լոնդոնյան «Չելսիի»։

2021/22 մրցաշրջանում Սպերցյանն ամրապնդվեց հիմնական կազմում՝ ՌՊԼ-ում և Ռուսաստանի Գավաթում անցկացնելով 27 հանդիպում։ 8 գոլով նա դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, իսկ մրցաշրջանի ավարտին երկրպագուները նրան ճանաչեցին «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ։

2022/23 մրցաշրջանը դարձավ նրա բեկումնային շրջանը՝ 10 գոլ, 12 գոլային փոխանցում ՌՊԼ-ում, լավագույն ասիստենտի կոչում և ընդգրկում լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում՝ առաջին համարով։ Նա օգնեց թիմին հասնել Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ, որտեղ հստակ իրացրեց իր 11-մետրանոցը, չնայած «Կրասնոդարի» պարտությանը ԲԿՄԱ-ի դեմ (5:6)։

Սպերցյանը յուրաքանչյուր մրցաշրջանում ամրապնդում է իր դիրքը որպես թիմի առաջատար։ Նրա՝ «Կրասնոդարի» ավագ դառնալը տրամաբանական քայլ էր։

 

Լրահոս