«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ օրը Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարեց կաթողիկոսի եղբորորդուն Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղադրում են մի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կաշառք վերցնելու մեջ։ Այս գործով անցնում են նաեւ Արմավիրի մարզի 2 դատավոր։ Մեկը դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն է, մյուսը դատավոր Արթուր Ադամյանը, որոնց էլ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակելու հարցում։ Թեեւ պատիժը, պարզվում է, այնքան էլ մեղմ չէ հոդվածով սահմանված առավելագույն 8 տարուց 6 տարի է տվել դատարանը։
Մենք տեղեկացանք, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել եւ թույլ չի տվել հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախաքննական մարմինը նախ պետք է դիմի ԲԴԽ-ին ստանա համաձայնություն։ Սակայն խուզարկության գնացած իրավապահները շրջանցել են օրենքի դրույթը ընդամենը ԲԴԽ-ին իրազեկելով, որ այսպիսի գործողություն են իրականացնում, եւ ԲԴԽ-ն այն ընդունել է ի գիտություն։ Պատճառաբանությունն այն է, որ խուզարկությունը դեռ քրեական հետապնդում չի համարվում։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, ասացին նախաքննության գաղտնիությունից ելնելով գործի հետ առնչություն ունեցող որեւէ մեկնաբանություն չենք տալիս։ Սրանով ակամայից հաստատեցին մեր տեղեկությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։