«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ արտահանողների «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանողների առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները երկու ժամանակահատվածի է բաժանում: Խոսքը տարեսկզբին ու արդեն այսօր առկա միտումներից բխող վնասների մասին է: «Գարնան ամիսներին զգալի տուժում էին դեպի ՌԴ արտահանող կազմակերպությունները: Ինչպես հայտնի է, մեր պատրաստի արտադրանքի մոտ 70 տոկոսը Ռուսաստան է գնում: Եվ այս իմաստով մեր արտահանողները նշված ժամանակահատվածում մեկ-երկու ամիս խայտառակ տուժեցին, որովհետև իրենց վաճառած ապրանքի դիմաց ստացան ռուբլի և մոտավորապես կես գնով կարողացան փոխարկել դրամի: Նրանք այդ ընթացքում բավականին մեծ վնասներ կրեցին: Իսկ հիմա տուժում են դեպի այլ երկրներ դոլարով ու հատկապես եվրոյով արտահանում իրականացնողները: Եվրոյի դեպքում ընդհանրապես շատ ծանր իրավիճակ է: Առհասարակ, իրավիճակը շատ ծանր է, որովհետև արտահանումն ընդհանրապես բարձր շահութաբերության ոլորտ չէ:
Արտահանման դեպքում գործ ունենք ցածր շահութաբերության, բայց մեծ քանակների հետ: Հատկապես հայկական արտադրանքի արտահանման մեջ մեծ մարժաներ չկան, քանի որ դրսում ճնշումը մեծ է, իսկ մրցակիցները շատ ուժեղ են: Ու մրցունակ մնալու համար հայկական արտադրանքը շատ փոքր շահութաբերությամբ է աշխատում: Հիմա վաճառված ապրանքի դիմաց 25 տոկոսով արժեզրկված եվրոյից 25 տոկոսով ավելի քիչ դրամ են ստանում ծախսերը հոգալու համար: Սա նշանակում է կա՛մ շահույթ ընդհանրապես չունես, կա՛մ վնասով ես աշխատում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Էմիլ Ստեփանյանը շեշտելով, թե այլ հարց է հասկանալը արտահանողները որքա՞ն երկար կարող են վնասով աշխատել, որքան կարող են դիմանալ:
Նա շեշտեց, որ խնդիրը ոչ միայն դոլարի նկատմամբ առկա ճնշումն է, այլ նաև այն, որ հումքերը, նյութերը, բեռնափոխադրման ծառայություններն են թանկացել. «Բնականաբար, այս պայմաններում անմրցունակ ենք դառնում: Այո, որոշակի փոքրիկ թանկացումներ կարող ենք թույլ տալ թանկացման ընդհանուր միտումների համատեքստում, բայց պետք է հասկանանք, որ հայկական արտադրանքն ինքնին ցածր մարժայով է աշխատում: Մեր արտադրանքը բարձր մրցունակության դաշտում է ու, բնականաբար, եթե գինը 5 տոկոսից ավելի բարձրանա, գնորդն այլընտրանք է փնտրում:
Շատերը այդ այլընտրանքը գտնում են ու ոչ հայկական ապրանքների տեսքով: Եվ եթե հումք ես մատակարարում ու գործընկերդ արտադրանքիդ շնորհիվ ինքնարժեք է ձևավորվում, այդ դեպքում գների բարձրացումն ավելի ցավալի են տանում»,-ասաց նա: Էմիլ Ստեփանյանն ընդգծեց նաև ծառայություններ արտահանողների խնդիրների մասին, որոնք վճարվում են արտարժույթով. «Խոսքը, օրինակ ծրագրավորողների մասին է, որոնք հիմնականում արտաքին պատվերներով են աշխատում: Ու այսօր հատկապես եվրոյով աշխատողները 25 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: