15 Փետրվարի, 2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի ճանապարհորդությունների ժամանակ նրանց ուղեկցող թիկնապահների գործուղումների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Աննա Հակոբյանը դուստրերի հետ 2021թ հունվարի 14-ին մեկնել է Մոսկվա։ Ըստ շրջանառվող լուրերի միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։ Մոսկվայում շուրջ մեկ շաբաթ մնալուց հետո Հակոբյանը մի քանի օրով վերադարձել է ՀՀ, ապա հունվարի 30-ին կրկին մեկնել արտերկիր, այս անգամ ԱՄՆ ըստ մամուլի տեղեկությունների ԱՄՆ-ում իր ծննդյան տարեդարձը նշելու։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ պարզելու, թե ԱԱԾ պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Աննա Հակոբյանին և նրա դուստրերին Մոսկվա, ինչպես նաև ԱՄՆ կատարած շրջագայության ժամանակ, որքան է թիկնապահների ուղևորությունն արժեցել սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող երկրի բյուջեի վրա։ Մասնավորապես խնդրել էինք տեղեկացնել, թե պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջն իր մասնավոր այցերի ժամանակ, որքան է կազմել նրանց գործուղման ծախսը, այդ թվում ինքնաթիռի տոմսը, գիշերակացի և օրապահիկի չափը, սակայն ԱԱԾ-ն խուսափել է պետական բյուջեից ծախսված գումարի մասին տեղեկություն տրամադրել պետական գաղտնիք է։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։ Հայցվող տեղեկությունը, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, ուստի և նույն օրենքի համաձայն դասվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածը ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»,֊նշված է ԱԱԾ պատասխանում։

Ընդգծենք, որ «Փաստինֆո»-ն տեղեկություն չէր խնդրել գաղտնի գործողությունների մասին, չէր հարցրել անվտանգությունն ապահովումն իրականացվել է արտաքին, թե ներքին դիտմամբ, այլ միայն ցանկացել էինք պարզել պետական միջոցի վատնման իրական ծավալները, թե որքան են նստում Փաշինյանի ընտանիքի անդամների մասնավոր շրջագայությունները պետության վրա միայն թիկնապահների ուղեկցումն ապահովելու համար։

7օր․am

Լրահոս