12 Ապրիլի, 2024
«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», – հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում, գրում է «Ազատություն»-ը։

Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. – «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»:

Ժողովրդավարական կառավարում

Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», – նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։

Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։

Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։

«Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», – նշում է Freedom House-ը` մանրամասնելով. – «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։

«Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», – նշում է Freedom House-ը:

Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, – «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։

Դատական համակարգի անկախություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Առանձնահատուկ մտահոգություններ կան, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ՝ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում, նշում է Freedom House-ը՝ որպես օրինակ բերելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննությամբ բացասական գնահատական ստացած և քաղաքական բանտարկության որոշումներ կայացրած Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում։

«Ընդդիմադիր գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառելու շարունակական պրակտիկայից: Թեև 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ», – նշում է Freedom House-ը, հավելելով. – «2023-ին Հայաստանը շարունակեց իրավապահ մարմիններին բարեփոխումները, ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն՝ հիմնականում նպատակ ունենալով վարչապետի ենթակայության տակ գտնվող Ոստիկանությունը բերել ավելի ընդարձակ՝ խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության դաշտ։ Այդուամենայնիվ, ոչ թե քաղաքացիական ոլորտի ներկայացուցչի, այլ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակումը ՆԳ նախարար բողոք հարուցեց որոշ ՀԿ-ների շրջանում, որոնք հրաժարվեցին համագործակցությունից՝ առաջընթացի պակասի ու շարունակվող կոռուպցիայի պատճառով»։

Կոռուպցիա

2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. – «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։

Խոսքի ազատություն

2023-ին մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ եղան Կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ։ Հատկանշական է Կառավարության նախաձեռնությամբ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելացված նոր սահմանափակումը, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների տրամադրումը, եթե հայցվող նյութը պարունակում է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»: Ըստ դիտորդների, այս դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը այն մեկնաբանելու չափազանց լայն դաշտ է ընձեռում Կառավարությանը՝ ավելի սահմանափակելով լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին։

Զեկույցը նշում է նաև, որ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: «Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ձախողեցին պատասխանատվության կանչել Ադրբեջանին կատարած քայլերի համար, թեև մինչ այդ այդ սցենարը կարմիր գիծ էին համարել», – ընդգծում է Freedom House-ը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի ագրեսիվ պատերազմներն ամենավառ օրինակներն են այն արհամարհանքի, որ այսօրվա ավտոկրատները ցուցաբերում են մարդու հիմնարար իրավունքների և ազատ հասարակությունների նկատմամբ», – հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով. – «Ռուսաստանը և Ադրբեջանը ցինիկաբար պահանջում են հարգել իրենց ինքնիշխանությունը՝ միևնույն ժամանակ մերժելով իրենց հարևանների ինքնավարությունը, յուրահատուկ պատմությունը և գոյության իրավունքը»։

 

 

kotayk

Լրահոս