12 Ապրիլի, 2025

«Ազատություն» ռադիոկայանը գրում է.

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։

«Բերրիմաունթ»-ը հիմնվել է Դմիտրի Ալեկսեյենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 69 տոկոսը պատկանում է Ալեկսեյենկոյին, մյուս 31 տոկոսի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան՝ չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20 տոկոս և ավելի ունեցած ցանկացած բաժնեմաս. «Բերրիմաունթ»-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին՝ որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։

2023-ի վերջին ԱՆԻՖ-ը հաղորդեց, որ «Բերրիմաունթ» ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք է տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում «Բերրիմաունթ»-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում, խոսելով ԱՆԻՖ-ի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեկսեյենկոն շեշտում է՝ «ԱՆԻՖ-ի խիզախ մասնակցությունը թույլ կտա հաղթահարել լոգիստիկ, գեոքաղաքական խնդիրները»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս հայտարարել էր, որ սա թույլ կտա ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի հատկանիշները։ Կառավարության աջակցությունը «Բերրիմաունթ»-ին չի սահմանափակվել միայն ԱՆԻՖ-ի կողմից ներդրմամբ, 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 մլն դրամի մաքսատուրքերից ազատել է ընկերությանը։

Ավինյանի դասընկերը, ՔՊ նվիրատուն

Դմիտրի Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են, Երևանի Ա. Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեկսեյենկոյի և Պուշկինի անվան դպրոցի կապն ավելի ամրապնդվեց 2022-ին. նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեկսեյենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս