22 Փետրվարի, 2025

Աննա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միշան ու Հասմիկը դեռ շատ երիտասարդ ընտանիք էին, երբ Երևանից գնացին Դիլիջան: Մի փոքր հուշանվերների խանութ բացեցին, որտեղ հիմնականում վաճառում էին իրենց իսկ ձեռքերով ստեղծած իրերը։ «Մի կաշին» շատերդ գիտեք ու վստահ եմ, որ սիրով եք կրում։
Իրենց երկրորդ բալիկը՝ Մարին նոր էր ծնվել։
Մի քանի վարձով տուն փոխեցին էտ ընթացքում։ Ով անցել ա տենց բաների միջով, լավ գիտի որքան դժվար է նորածին երեխայի հետ տնից տուն տեղափոխել։ Հետո վարկ վերցրեցին ու իրենց ձեռքով մեր հայրիկի քարե ավտոտնակի գլխին մի փոքր տուն կառուցեցին։ Շատ սիրուն, ճաշակով, արվեստով ու սիրով լցված տուն։ Տան պատերին Հասմիկի նկարած կակաչներն են։ Իսկ Միշան շարել ա տան բոլոր պատերը, արել ամբողջ ներքին հարդարանքը ու իր ձեռքերով պատրաստել ողջ կահույքը՝ պահարանները, բազմոցները, ու անգամ լուսամփոփներն ու թիթեղյա լվացարանը ։ Կամաց կամաց, քիչ քիչ գումար տրամադրելով՝ մարդիկ իրենց համար մի փոքր սիրուն տուն էին սարքել ու ապրում էին։ Մենք էլ մեկ մեկ հյուր էինք գնում, մեծ սեղան պատրաստում ու ընտանեկան երեկոներ միասին վայելում։
Հասմիկենց տան կողքը մի հին կիսավեր տուն կար, որտեղ, ես ինչ հիշում եմ, ոչ ոք չէր ապրում, որովհետև տանտերերը Ռուսաստանում էին երկար տարիներ ու երբեմն կարճ ժամանակով գալիս էին միայն ամռանը։
Բայց արի ու տես մի օր հանկարծ պարզվեց, որ Հասմիկեց տունը Հայաստանից Ռուսաստան իրենց վրա ստվեր ա գցում։ Սկսվեց երկար բարակ դատական քաշքշուկ՝ յոթանասուն տարեկան հորս անընդհատ դատական նիստերի տանելով։
Արդյունքում, դատարանի որոշմամբ, պատերազմի առաջին իսկ օրից առաջին գծում կռված հայրենասեր ու իր երկրին հավատարիմ Միքայելը, պիտի իր ձեռքերով քանդի իր իսկ սարքած տունը։ Միքայելը, ում զինվորական շորերը ննջասենյակում հատուկ աթոռ ունեն։ Ամեն անգամ էտ աթոռը տեսնելիս սարսափ եմ ապրում ու
Հասմիկին ասում՝ ինչ կլինի արի սրանք կախենք դարակում։
Իր տունը պիտի քանդի Հասմիկը, որ այս տարիների ընթացում ահռելի մեծ ծավալի աշխատանք ու կրթական ծրագրեր ա արել Դիլիջանի կանաց, երեխաների ու ողջ համայնքի համար։ Արվեստ ու սեր ա միայն տվել քաղաքին ու քաղաքի մարդկանց։
Իսկ որոշ ռուսաստանաբնակ հայեր հիմա շատ գոհ են, հանգիստ գլուխները դնում են բարձին ու քնում են։
Ինչ որ մի տեղ վերևում սենց բաները նենց պարզ են երևում, ու չեն մարսվում, ախր հեչ չեն մարսվում։
Ապրել ենք, տեսել ենք։

Լրահոս