28 Մարտի, 2025

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր  թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ Հակակոռուպցիոն դատարանը կմերժի վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը, ինչպես դա եղավ երեկ «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի գործի պարագայում։

«Ընտրությունների շեմին շինծու, արհեստական գործով չի հաջողվի այդ ճնշումն ի կատար ածել, որը փորձում է անել ներկայիս վարչախումբը»,-ասաց  Հարությունյանը։

Նա նկատեց, որ մինչ այս գործող իշխանությունը ընտրություններից առաջ էր նման գործողությունների գնում, հիմա հավանաբար փորձում են այսկերպ ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Այս համատեքստում նա բերեց Վանաձորի օրինակը։

«Ի տարբերություն Վանաձորի ու այլ քաղաքների, Գյումրի դեպքում վարչախումբը մարտավարություն է փոխել, ձերբակալություններ իրականացնում է ընտրությունների նախաշեմին՝ դրանց վրա ազդելու նպատակով»,-ասաց փաստաբանը։

Ամեն դեպքում նա ընդգծեց, որ Մարտու Գրիգորյանի գործում որևէ բան չկա։

«Առաջին հայացքից ակնհայտ ծիծաղ է առաջացնում, երբ կարդում ես վարույթի նյութերը։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրը կլինի ազատության մեջ»,-ասաց Սերգեյ  Հարությունյանը։

Լրահոս