9 Փետրվարի, 2025

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Կանաչուտ-Մրգանուշ գյուղերը կապող խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները, ապա, ըստ գյուղացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան հողամասում՝ բախվելով քարե շինությանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Լրահոս