«Սրանք ամենամյա, գրեթե երկու ամիս տևողությամբ զորավարժություններ են, որոնք կենտրոնանում են ԱՄՆ-ում գտնվող ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես տեղակայված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործունակության խնդիրների վրա», – ասել է Սաբրինա Սինգհը Պենտագոնի ճեպազրույցում:
Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:
Զորավարժությունները, որոնք ծրագրվել էին դեռևս 2021-ին, ղեկավարելու է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը:
Պենտագոնը հայտարարել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի կարողությունը արագորեն տեղակայելու մարտունակ զորքերը և տեխնիկան, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայում խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից: Զորավարժությունները պետք է նաև ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը մեծացնելու իրենց զինված ուժերի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:
«Զորավարժություններին կմասնակցի մոտ 9000 ամերիկացի և մոտ 17 000 օտարերկրացի զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասը կանցկացվի եվրոպական 10 երկրում», – ասել է Սինգհը:
Բացի այդ, Defender-23 զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 000 միավոր տեխնիկա վերցված նախապես ստեղծված պաշարներից։