4 Մարտի, 2023
Փաշինյանն ասում է մեր խնդիրներն արտաքին են ու կապված են արտաքին միջավայրի հետ։ Ոչ, պարոն Նիկոլ։ Մեր խնդիրները նախ եւ առաջ մեր մեջ են ու ներքին միջավայրի հետ են կապված: Իսկ ամենամեծ ներքին խնդիրը պոպուլիստ ու իզմ չունեցող ռեժիմն է։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Ի՞նչ կապ ունի արտաքին միջավայրը, երբ դու բանակցությունը սկսում ես «քո սեփական զրոյական կետից», մարդկանց «ասֆալտին ես փռում», սեւերի եւ սպիտակների ես բաժանում, անձնական վրեժ ես լուծում, Շուշին դժգույն քաղաք ես համարում, ինչ պետք է դա էլ բանակցում ես, Ալիեւին կառուցողական ես համարում, Գորիս-Կապան ճանապարհը 21 կմ ադրբեջանցիներին ես հանձնում, հրաժարվում ես Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախը հանձնում ես Ադրբեջանին, մոռանում ես թուրքական բայրաքթարների հարվածներն ու Թուրքիայից դրական ազդակներ ես ստանում …շարքը շատ մեծ է։ Մեր խնդիրները մեր մեջ են։ Մենք խզել ենք բոլոր արժեքային կապերը 88-ի զարթոնքի ու ազգային վերածնունդի հետ։

Մենք վերջացանք որպես հավաքական հասարակություն, երբ սրանք 2018-ի «հեղափոխությունը» Արցախյան հերոսամարտից ավելի կարեւոր համարեցին։ Մենք որպես հասարակություն հրաժարվել ենք Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալներից, իսկ ուրացման ու հրաժարումի գագաթին դու ես բազմած, Նիկոլ Փաշինյան։ Ազգերն ունեն վերելքների ու վայրէջքների փուլեր։

Դրանք անխուսափելի են։ Բայց դասեր քաղած ազգերի մոտ վայրէջքները կարճատեւ են լինում, իսկ մեր մոտ հաճախ ու երկարատեւ, քանի որ ինչպես մի շատ խելացի մարդ ինձ ասաց մենք բոլորս կանխատեսող ենք, բայց կանխող չկա։

Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը, իսկ մեր փրկությունն էլ պետք է փնտրել մեր մեջ»։

Լրահոս