1 Փետրվարի, 2023

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտարարել է, թե այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով  սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն  կապված են հենց ձերբակալված անձանց  իրավունքների երաշխավորմանը և նաև պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը։

Նրա խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը և ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովվելու ձերբակալվածների իրավունքները:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որևէ փոփոխություն չի  կատարվել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով  օրենքում կատարված փոփոխությամբ  Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձևը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

kotayk

Լրահոս