Երևան քաղաքում 2022թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։
«Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ»,-նշում են քննչական կոմիտեից։
Ըստ աղբյուրի, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։
Վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։