12 Հուլիսի, 2024
«Հրապարակ» թերթը գրել է.

«Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։ Սակայն Ադրբեջանը տավուշյան 4 գյուղերը ստանալուց հետո պահանջում է, որ ինքը որոշի, թե որն է սահմանազատվող հաջորդ տարածքը:

Հայկական կողմը դիմադրում է ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ձեր ուզածով, հիմա պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն հողը Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներ։ Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջեւան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենը ստանա։ Նաեւ պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավներին` Տավուշի մարզի 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու: Եվ հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել կանոնակարգում: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հատվածում նոր հիմքեր մոգոնեն` Տավուշում 76 թվի քարտեզն էր, հաջորդում բոլորովին այլ հիմք կլինի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ, ըստ էության, չթաքցրեց, որ սահմանազատման գործընթացը սառեցված է։ Միայն «հույս հայտնեց», որ սահմանը կվերարտադրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա»։

 

Լրահոս