Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասերից շատերն օնլայն ռեժիմով են անցկացվում։ Պատճառն օրեր առաջ տեղացած անձրևն է, ինչի պատճառով իրական ջրհեղեղ է եղել այստեղ։ Ուսանողներից շատերը նկուղներում ու միջանցքներում են պարապում. անելանելի վիճակում են հայտնվել: Դրանց մասին են վկայում թե´ տարածվող տեսանյութերը, թե´ պրոֆեսորադասախոսական կազմը։
90-ականներից հուշ մնացած մանրատախտակները ուռել ու տեղից դուրս են թռել, տարիների պատմություն ունեցող երաժշտական գործիքներն էլ մնացել են ցելոֆանների և պենոպլաստների պաշտպանության հույսին։ ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց՝ հիմա Կոնսերվատորիայի առաջին մասնաշենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերվում է երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքի վերանորոգման աշխատանքներին՝ Մովսիսյանի խոսքով՝ աշխատանքները դանդաղ են ընթանում։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ վերանորոգման աշխատանքները պիտի սեպտեմբերի 1-ին արդեն ավարտված լինեին, սակայն…:
«Սկզբում մեզ ասացին, որ սեպտեմբերի վերջին պատրաստ կլինի։ Դա ձգձգվեց: Հետո ասացին, որ կավարտեն հոկտեմբերի վերջին, սակայն հոկտեմբերի 16-18-ը տեղացած առատ անձրևի պատճառով նման իրավիճակի հանգեցինք։ Անձրևաջրերը լցվեցին չորրոդ հարկ, դրանք էլ իրենց հերթին լցվեցին երրորդ հարկ» ,- ասաց Մովսիսյանը։ Ուշացումների պատճառն, ըստ նրա` աշխատողների սակավությունն է։
Նկատենք, որ ձմեռը սարերի ետևում չէ, սակայն ԵՊԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքները դեռևս ավարտված չեն։