«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հյուրանոցային բիզնեսը ծաղկում է: Ի մասնավորի, նշել էինք, որ վերջին շրջանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Մինչ այդ էլ անդրադարձել էինք թեմային, որ նույն Նալբանդյանի կողմից արտադրվող և իր ազգանունը կրող օղիները, որպես «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների շուկայում նորեկներից մեկը, կարճ ժամանակում դարձել են ամենաշատ պահանջարկ ունեցողը:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սրանք միայն «ծաղիկներն» են, և իշխանությունների «սրտի օլիգարխի» այլ բիզնեսներն էլ սրընթաց գրավում են իրենց ոլորտները: Օրինակ՝ մեր տեղեկություններով, «Շիրակ» թռչնաֆաբրիկան վերջին շրջանում դարձել է ձվի արտադրության առաջատարը: Ճիշտ է, այս ընկերությունը գերիշխող դիրք չունի, բայց արտադրության ծավալներով շուկայի առաջատարն է:
Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, որոշակի անհանգստություններ է առաջացրել «դաշտի» այլ խաղացողների շրջանում, քանզի ոլորտը բավականին մրցակցային է, և դժվար է «տեղավորվել» առաջարկվող գին-որակ հարաբերակցության առումով: