24 Ապրիլի, 2025

«Կարծում եմ՝ հնարավորություն կա ընտրությունների միջոցով ազատվել այս իշխանություններից։ Դա ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, հատկապես վերջին՝ Փարաքարում ու Գյումրիում անցկացվածները»: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրեց, որ մինչ այդ էլ բազմաթիվ համայնքներում անցկացրած ընտրությունների արդյունքում ընդդիմությունն ունեցել է հաղթանակներ։

Հարցին, արդյոք Ա. Վանեցյանը ձեռնարկելո՞ւ է քայլեր Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, նա արձագանքեց՝ 2019 թ. սեպտեմբերից ձեռնարկում է այդ քայլերը.

«Թե ինչու չի ստացվում, դա ամենակարևոր հարցն է, որ ոչ միայն ինքս ինձ պետք է տամ, այլ հազարավոր քաղաքացիներ, որոնք նույն նպատակն ունեն։ Չստացվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Փաշինյանն ու իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար, ցանկացած քայլի՝ ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալությունների, սադրանքների, ուժ կիրառելու, ամեն-ամեն ինչ անում են, որ իշխանությունը հանկարծ չկորցնեն։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, և երկրորդ, ամենակարևորը, որ իրենք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Ուստի նրանց համար իշխանություն կորցնելը հավասար է «մահվան», քանի որ ոչ մի բան չունենալով, ոչ ոք չլինելով՝ այսօր նրանք հարստացել են, ունեն լծակներ, մեծ պահակախմբեր, որոնց ուղեկցությամբ շրջում են։ Բայց դա մեզ չպետք է հուսահատացնի, ո՛չ, պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք»։

Կուսակցության նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց՝ չբացառելով փողոցային պայքարն ու այլ գործիքների կիրառումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հեռացնել այս իշխանությանը, «Հայրենիք»-ը՝ որպես քաղաքական ուժ պետք է պատրաստվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Լրահոս