Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը սկսել է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 2024 թ-ին նա ԵՊՀ-ից ստացել է 78,750 դրամ աշխատավարձ։ Եվս 14․2 մլն դրամ աշխատավարձ նա ստացել է Ազգային ժողովից։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Արշակյանը 2024-ին այլ եկամուտ չի ունեցել։ Նա հայտարարագրել է 10 հազար դոլար և 2․5 մլն դրամ կանխիկ գումար, բանկային հաշվին՝ 756 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Հակոբ Արշակյանը միայն 1 բնակարան է նշել՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և չի հայտարարագրել Ջրվեժում գտնվող ամառանոցը։ Դրա մասին տեղեկանում ենք նրա կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի 2023 թվականի հայտարարագրից (2024-ի հայտարարագիրը Արշակյանի կինը դեռ չի ներկայացրել)։
Ամառանոցը համատեղ սեփականություն է, գնվել է 2023-ին 12․7 մլն դրամով։ Արշակյանն ունի 2 վարկ (ընդհանուր մայր գումարը՝ 4․4 մլն դրամ), որոնք հիփոթեք չեն, իսկ ահա նրա կինը 3 հիփոթեք է հայտարարագրել՝ 9․4 մլն դրամ այգետնակի, 47․7 մլն դրամ և 1․8 մլն դրամ 2 բնակարանի համար։ Հակոբ Արշակյանը բաժնետեր է «Արաքսիս Ինժեներինգ» (100%, գործունեությունը ժամանակավոր դադարեցված է), «Դրիմբոքս» (40%), «Իէ Ստուդիո» (48%) ընկերություններում։ Կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, «Սինոփսիս» ընկերության 15 հազար դոլար արժողության արժեթղթեր ունի, նաև ներդրում ունի «Դրիմբոք» ընկերությունում՝ 20 հազար դրամ։ Նա 11 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Սինոփսիս Արմենիա»-ից։ Թադևոսյանը 4․9 մլն դրամ և 600 հազար դրամ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունից, թե ինչ բնույթի՝ չի նշվում։