Եթե տեսնենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք: Այս մասին այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Քանի դեռ օրենսդրությունը գործում է, լավն է այն, թե վատը, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, մենք ֆինանսների նախարարության հետ համատեղ օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք»,- ասաց Դավիթ Անանյանը:
Օրենսդրական փոփոխությունները, ՊԵԿ նախագահի խոսքով, բացառապես պետք է լինեն հանրային քննարկումների արդյունքում:Հարցին ԱԱԾ գործողությունների արդյունքում խոշոր սուպերմարկետների ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների չի՞ բերի, Դավիթ Անանյանը պատասխանեց.
«Ժամանակին պայմանավորվածություններ են եղել հենց գների աճից խուսափելու համար: Խնդիրը շատ ավելի պարզ և հասարակ է եթե մենք ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է գան ԱԱՀ դաշտ: Եթե այդ հարկերի վճարման արդյունքում գնագոյացման աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի խանութներն ավելի մրցունակ կլինեն»:
Ըստ ՊԵԿ նախագահի նախկինում սուպերմարկետները մրցել են նաև իրենց հարևանությամբ գործող փոքր և միջին կազմակերպությունների հետ արհամարհելով մասշտաբի էֆեկտը:
Ինչ վերաբերում է թանկացումներին, Դավիթ Անանյանը նշեց, որ խոշոր բիզնեսի հարկային դաշտ գալուց հետո եթե գները բարձրանան, ուսումնասիրություններ կարվեն պարզելու համար, թե այդ գների բարձրացումը որքանով է արդարացված:
Մանրամասները տեսանյութում` tert.am