Այսօր ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը նրան ցած իջեցնելու համար:
Shamshyan.com—ի հաղորդմամբ ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մեծ դժվարությամբ էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր:
Աղբյուրի տեղեկութուններով մահացածն աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես էլեկտրամոնտաժող։