ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ մարտի 5-ին, Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
«Մենք հիմա գերության մեջ ենք, պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է։
Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Նման իրավիճակում մենք կարող ենք ունենալ բանակցություն Ադրբեջանի հետ, շփում, հանդիպումներ կոնկրետ հարցեր քննարկելու համար։ Այս 3-ի համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք մենք չունենք»,-ասաց պետնախարարը։
Ինչ վերաբերում է միջադեպին, ապա, ըստ նրա, ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով կատարել են այդ ահաբեկչական գործողությունը, սպանել ոստիկանական ծառայություն կատարողներին։
«Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիները ուզում են ցույց տալ, որ Արցախը չի կարող կապ ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, Բաքվի պնդումները սուտ ու անհիմն են, քանի որ այդ մեքենան Ստեփանակերտից էր գալիս։ Մենք այլ ապացույցներ էլ ունենք, որոնք կհրապարակենք։
Դեպքը շփման գծի մոտ է եղել, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա, միջանցքի հետ առնչություն չունի, մինչ այդ հատվածն է։ Տարածքը մեր վերահսկողության տակ է, և քաղաքացիական անձինք նաև կարող են հայտնվել այնտեղ, մարդիկ կան անասնապահությամբ են զբաղվում, մոտակայքում էլ կան անվտանգությունն ապահովող մարդիկ»,- ասաց Արցախի պետնախարարը։
Շարունակությունը այստեղ։