19 Փետրվարի, 2025
«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ըստ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դրանից օրեր առաջ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Մեկուսկես ժամ էլ զրուցել է իրանցի դիվանագետի հետ ու իր հիացմունքն արտահայտել դեսպանի՝ վերջերս կայացած, ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել, չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:

Ինչով է պայմանավորված ՏերՊետրոսյանի ակտիվությունը դիվանագիտական դաշտում, դեռեւս ստուգվող տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն է անձամբ խնդրել: ՀՀ առաջին նախագահի միջնորդությամբ՝ վերջինս փորձում է այս առանցքի շուրջ հաշտության եզրեր գտնել: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանի կողմից հիմնականում երկու պայման է դրված՝ Փաշինյան Նիկոլի դեմքն ու տապալված վարկանիշը փրկելու համար:

Առաջինն այն է, որ նա պետք է փակի ՀԱՊԿ-ից դուրս գալու չարչրկված թեման: Օրինակ, հայտարարելով, որ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: Եվ երկրորդ՝ երկաթուղու վերահսկողության հարցում սկսել փոխընդունելի տարբերակների քննարկում ռուսական կողմի հետ»:

Լրահոս