«Հրապարակ» թերթը գրել է.
«Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաեւ դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ, իշխանություն ձեւավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։ Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը: 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։