9 Հունվարի, 2023

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հանդես է եկել պարզաբանմամբ

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 16/66 հասցեում իրականացված անօրինականության վերաբերյալ իմ խոսքին հարկ է անդրադառնալ առավել մանրամասն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։ «Խնդիրը մեր ամենօրյա հսկողության ներքո է ամիսներ շարունակ: Ղափանցյան փողոցի Հրազդան ձորին հարող մասում քաղաքացու կողմից կառուցված ինքնակամ շինությունն ապամոնտաժվել էր և հողը վերադարձվել Երևան համայնքին դեռևս 3 ամիս առաջ:

Օգտվելով տոնական օրերից՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածը, նույն քաղաքացին, ոչ միայն կատարել է անօրինական շինարարական աշխատանքներ, այլ նաև լրացուցիչ հարթակ ստանալու համար հող և շինաղբ է լցրել շինության հարակից տարածքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում և վնասվել է Հրազդան ձորով անցնող Արզնի-Երևան ջրագիծը: Ս.թ. հունվարի 4-ի առավոտյան ստանալով վերոնշյալի վերաբերյալ ահազանգը վարչական շրջանի աշխատակազմը տեղում անհապաղ ապամոնտաժել է ապօրինի շինությունը, սահմանազատել Հրազդան ձորի այն վտանգավոր հատվածը, որտեղից տեղի է ունեցել քարաթափում և ոստիկանության հետ համատեղ իրականացրել բոլոր հնարավոր այն գործողությունները ինչը նախատեսված է գործող օրենսդրությամբ:

Ավելին, տեղեկացնեմ, որ իրավախախտում կատարած քաղաքացին տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկացնեմ նաև, որ տեղում հայտնաբերվել են նաև 6 բեռնատար մեքենաներ, որոնք արդեն մուտք էին գործել Ղափանցյան փողոց և նպատակ ունեին բարձված շինաղբը դարձյալ դատարկել նշված վայրում, ինչը կանխվել է և վարորդների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Այս խնդիրը շարունակում է մնալ մեր ամենօրյա վերահսկողության ներքո: Բացառելու ենք նմանօրինակ բոլոր դեպքերը»,- պարզաբանել է Ազատյանը:

 

kotayk

Լրահոս