-Համայնքի ղեկավար ընտրվելուս նպատակն այն էր,- Mnews.am -ի հետ զրույցում անկեղծացավ Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ղեկավար Վաչիկ Գրիգորյանը,– որ բարեփոխումներ իրականացնեմ գյուղում։ Բավականին շատ գործ կա անելու, և առանց ժամանակ կորցնելու անում ենք: 2016 թ. աշնանից սկսած, երբ ընտրվեցի, ահագին աշխատանք է արվել:
-Գյուղը շատ համերաշխ է,- նշեց Վաչիկ Գրիգորյանը:- Ամեն մեկն իր գործով է զբաղված: Մենք էլ մեր հերթին օգնում ենք մարդկանց կարիքի դեպքում, յուրաքանչյուրի կողքին կանգնած ենք: Նյութապես օգնում ենք կարիքավոր ընտանիքներին: Ջանում ենք, ելնելով մեր վիճակից, ամեն լուման նպատակային ու արդյունավետ օգտագործել:
– Պարոն Գրիգորյան, արդեն զբաղեցնում եք համայնքապետի պաշտոնը, ծանո՞թ եք համայնքի խնդիրներին: Եվ ինչու՞ ցանկություն հայտնեցիք առաջադրվելու, կմանրամասնե՞ք:
–Առաջադրումս ինքնանպատակ չէր,հավատացեք պատահական որոշեցի և առաջադրվեցի ,նաև շատ ընկերներիս և համագյուղացիներիս ցանկությունն էր։Համայնքում ոչ մի փոփոխություն չէր լինում,հետընթաց էինք ապրում ,միշտ լսելով նախկին համայնքապետից ,որ չկա բյուջեն գումար ,որ աշխատանքներ կատարենք և այլն:
-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում բնակիչները, աշխատատեղեր կա՞ն:
-Ունենք 1200 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը: «Գազպրոմը» Էջմիածին սպասարկման գրասենյակ ունի, մեր համայնքին մոտ է, համայնքի բնակիչներից աշխատում են նշված հաստատություններում,ունենք նաև ջերմոցային տնտեսություններ։
-Գրեթե երեք տարի է ղեկավարում եք, կներկայացնեք ինչպիսի՞ խնդիրներով հանձն առաք ղեկավարել համայնքը,ինչպիսի՞ նախընտրական ծրագրեր եք հասցրել ի կատար ածել:
-Մասնավորապես, համայնքի բոլոր փողոցները խճապատվել են, ճանապարհներն են կարգի բերվել,բացի կենտրոնական փողոցից,որն էլ նախատեսված է հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատել։ Ամեն օր, քայլ առ քայլ, մի բան փորձում ենք անել` մինչև կունենանք բարեկարգ համայնք:Ամենակարևոր հարցը լուծվեց համայնքում ․ամբողջությամբ գիշերային լոսավորություն ենք անցկացրել:
— Նախընտրական ծրագրում նշել էիք, որ ընտրվելու դեպքում աշխատանքներ պետք է կատարեք համայնքի բարեկարգման, բնակիչների առօրյան ավելի բարեկեցիկ և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ:
-Ընտրվելուս հաջորդ օրվանից աշխատանքներն արդեն եռուզեռի մեջ էր, այդքան շտապում էի և ուզում էի մեկ րոպե շուտ աշխատել համայնքի համար: Մեծ ուշադրություն եմ դարձնում համայնքի կանաչապատ տարածքներին,աղբահանությանը,չեն անտեսվում համայնքի փոքրիկները,ունենք նախակրթարան։Ի դեպ Ծիածանը շատ լավ դպրոց ունի,հիմնովին նորոգված։
–Իսկ ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը գյուղում:
-Մտահոգիչը ժողովրդի սոցիալական ծանր վիճակն է, ինչի հետևանքով և հարկերի մուծման դժվարությունների ենք հանդիպում: Ամեն տարի բերքի իրացման խնդիրներ են առաջանում: Մարդը վարկերով, պարտքերով մեծ դժվարությամբ հողը մշակում է, բայց բերքի իրացման ժամանակ հազար ու մի խնդիր է ծագում: Ահա առաջին հերթին այս հարցում պետք է կանգնենք գյուղացու կողքին ու ջանանք օգնել նրան: Մեր գյուղացին աշխատասեր է, այսօր անմշակ հողակտոր չունենք, անգամ հարևան համայնքներում ենք հողեր վարձակալել, որտեղ ներգրավված են նաև երիտասարդները: Սակայն… Մեր շուկան փոքր է արտադրված գյուղմթերքի համար:
-Մարզերում արտագաղթի տոկոսները բավականին բարձր են, ինչպիսի՞ն է պատկերը Ձեզ մոտ:
-Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կարող եմ արձանագրել, որ մեզ մոտ բնակչության թիվը ավելացել է, իսկ արտագաղթի տոկոսները նվազել, ինչը շատ ողջունելի է:
-Առաջիկայում ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են,Ամանորն ու Սուրբ ծնունդը, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
– Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ես այն միշտ անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Այս տարի նույնպես բացառություն չէ, այն կանցկացնեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում,նաև իմ համագյուղացիների,ընկերների հետ տոնական սեղաների շուրջ:
-Ի՞նչ կմաղթեք ծիածանցիներին: Ինչպիսի՞ հեռանկարներ ունի գյուղը:
– Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով:
-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանանք, որ ապրեն Ձեր երեխաները:
-Երազում եմ, որ երեխաներս, առհասարակ բոլորը, ապրեն ապահով Հայաստանում, երազում եմ, որ մեր սահմանները ամուր լինեն զերծ թշնամու գնդակից, երազում եմ տեսնել հզոր և զարգացած Հայաստան:
Ծիածանի համայնքապետը համոզված է, որ այսօրվա կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում և երկիրը տանում է զարգացման ուղիով: Եթե մարդիկ թիկունք լինեն վարչապետին, օգնեն, ապա ավելի շուտ կհասնենք ցանկալի հաջողության: Այո, պետք է օգնել, այլ ոչ թե փնովել, եթե ուզում ենք, որ մեր երկիրը լավ ու հզոր լինի: Մեր երկիրը մեր տունն է: Ժողովուրդն իրեն պաշտպանված է զգում այսօր, չի արհամարհվում իշխանությունների կողմից, ինչպես դա, ցավոք, նախկինում էր: Առայժմ ցավոտ է մնում աշխատատեղերի խնդիրը, դա էլ, ինչպես համոզված է Վաչիկ Գրիգորյանը ,ժամանակի ընթացքում կլուծվի, միայն թե ամեն մեկն իր տեղում ճիշտ աշխատի…մեծ ուշադրություն են դարձնում համայնքներին ,որը շատ ողջունելի է,շատ ծրագրեր են իրականանում տարբեր մարզերում։
Mnews.am